Մինչև պատերազմը՝ մի քանի ամիս առաջ, ասում էր…26-ամյա Արցախը զոհվեց հանուն Արցախի

1994 թվականի օգոստոսին՝ Արցախյան պատերազմից հետո, Արարատի մարզի Սայաթ-Նովա գյուղում՝ Հովհաննիսյանների ընտանիքում, ծնվեց նրանց որդին, ում ծնողներն անվանեցին Արցախ՝ ի պատիվ Արցախում տարած հաղթանակի. հայրը՝ Սպարտակը, ևս մասնակցել էր պատերազմին: «Շատ ռիսկով, դուխով, հերոս տղա էր, գովեստի խոսքերն անգամ քիչ են»,- 168.am-ի

հետ զրույցում Արցախին այսպես նկարագրեց նրա հորաքրոջ որդին՝ Վարդան Սաֆարյանը: Նա պատմեց, որ սեպտեմբերի 27-ին, երբ պատերազմը սկսվեց, Արցախն առաջիններից էր, որ կամավորագրվեց և մեկնեց ճակատ՝ պաշտպանելու իր հայրենիքը, ընտանիքը: «Արցախը 26 տարեկան էր, պարտադիր ժամկետային ծառայությունն ավարտել, վերադարձել էր: Կռիվը սկսվեց՝ կամավորագրվեց ու հաջորդ օրն առավոտյան

մեկնեց: Ընտանիքում 5 երեխա էին՝ 3 քույր, 2 եղբայր: Քույրերն ամուսնացած են, ինքն ապրում էր ծնողների և եղբոր հետ: Եղբայրն ամուսնացած է, երեխաներ ունի, ինքն էլ մոտ 5 ամիս առաջ էր ամուսնացել… Կինը հղի է, մի քանի ամսից երեխան կծնվի, բայց Արցախը ռիսկ արեց, դուխ արեց, հանուն հայրենիքի՝ հղի կնոջը թողեց ու գնաց կռիվ: Հավերժ փառք իրեն…»,- պատմեց Արցախի

հորաքրոջ որդին: Արցախը շատ նպատակներ ուներ, պետք է բնակարան գներ, որ իր նորաստեղծ ընտանիքով առանձին ապրեր, ավաղ, չհասցրեց. «Քանի որ 2 եղբայրներով հայրական տանն էին ապրում, ուզում էր հիպոթեքով բնակարան գներ և տեղափոխվեր: Մինչև պատերազմը՝ մի քանի ամիս առաջ, ասում էր՝ ո՞նց կարող ենք անել, որ այդ հիպոթեքը դասավորենք: Իրենց հասնում էր, քանի որ ամուսիններով աշխատում էին, հաստատ

տրամադրելու էին: Շատ նպատակներ ուներ…»: Արցախն ազատ ժամանակ սիրում էր այգում աշխատել, Վարդանը պատմեց, որ հասցրել էր շատ ծառ տնկել. «Հողի հետ սեր ուներ, ծառեր էր տնկել, մշակում էր հայաթները, սիրուն այգի է սարքել: Քանի որ ծնողները ձեռքով էին հողը վարում, տրակտոր էր առել, որ ինքը վարեր, ծնողները չտանջվեին:

Պապու ամենասիրած թոռն էր, գիշեր-ցերեկ իրար հետ են եղել, պապն ահավոր ծանր է տանում»: Արցախը վերջին անգամ դեպքի օրն էր տուն զանգել, մոր հետ էր խոսել: «Ասել էր՝ ամեն ինչ լավ է, դուխներդ չգցեք, հաղթելու ենք, կարող է այնպես լինի՝ իջնենք: Դե, ամսի 28-ից դիրքերում էր,

պետք է պերեսմենկա լիներ, պատրաստվել էր, որ իջներ, մի քանի օր հանգստանար, նորից բարձրանար, այն էլ… Արցախը զոհվեց հանուն Արցախի…»,- պատմեց Արցախի հորաքրոջ որդին՝ Վարդանը: Արցախ Սպարտակի Հովհաննիսյանի հուղարկավորությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 25-ին՝ հայրենի գյուղում:

Avez-vous aimé cette histoire? Merci de partager cette publication avec votre famille et vos amis! La source: https://news-fun.ru/
Page Intéressante