«Տզզուն» եկավ, նայեցինք օդի մեջ, տեսանք, որ անօդաչուն է․ ախպորս ասի՝ ոնց ես, ասեց՝ վիրավոր եմ… ուշագրավ պատմություն Վարդենիսից

Հոկտեմբերի 14-ին Վարդենիսում Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով անօդաչու թռչող սարքի հարվածը եթե մի քանի րոպե ուշ լիներ, ապա հետեւանքները անդառնալի կլինեին: Հիշեցնենք՝ հարվածից տուժել էր 14 տարեկան երեխա՝ դաշտում բերքը հավաքելու ժամանակ:

Տղային բազմաթիվ վնասվածքներով տեղափոխել էին նախ Վարդենիսի զինվորական հոսպիտալ, այնուհետ արդեն՝ Երեւանի Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն: Բժիշկները տղայի վիճակը գնահատում են ծանր: «Առավոտյան 08:30-ի կողմերն էր, ամեն օրվա պես եկանք հողատարածք,

որ կարտոֆիլ քանդենք, տեխնիկան դեռ չէր մտել դաշտ՝ տզզուն եկավ, նայեցինք օդի մեջ, տեսանք՝ անօդաչուն է, ձայնի վրա փախանք, բոլորս փախանք, ես թաքնվեցի թմբի տակ, ախպերս չհասցրեց անցնել, արդեն խփեց, ու որ տրաքեց, ասկոլկից ախպերս ընկավ, հարցրեցինք՝ ոնց ես՝ ասեց ոտքերս ու ձեռքերս չեմ զգում,

վիրավոր եմ, ես ու պապաս տարանք մի քիչ այն կողմ ու տեսանք, որ մեջքի կողմից արյուն է գալիս, հանեցինք ճանապարհի վրա, մեքենա կանգնեցրինք ու տեղափոխեցինք հոսպիտալ»,- «Հայկական ժամանակի» հետ զրույցում պատմեց Նարեկի եղբայրը՝ 15-ամյա Նվերը: Վիրավորում ստացած Նարեկի հորեղբայրը՝ Էմիլը,

դեպքից րոպեներ առաջ էր դուրս եկել տարածքից, գնացել էր գյուղ՝ աշխատողներին դաշտ բերելու, ասում է՝ միանգամից ուժեղ պայթյունի ձայն է լսել ու անմիջապես զանգահարել եղբորը՝ Նարեկի հորը, որ իմանա՝ ինչ ձայն էր ու որտեղից. «Ախպերս ասեց՝ Նարեկը վիրավոր է, մինչեւ եկա, երեխուն արդեն տարել էին հիվանդանոց: Բայց ոչ մի երաշխիք չունենք, որ հիմա էլ չեն գցի,

սրանք իրենց ձեռագիրը չեն փոխում, տեսեք քանի մարդ է աշխատում դաշտում… Աստված չանի՝ մի հատ պայթյուն, ու էսքան տուն կքանդվի… մեր զինվորներին մենակ առողջություն ու հազորություն կմաղթեմ, վստահ եմ, հաղթանակը մերն է լինելու»,- ասաց նա:

Մեր այցելության օրը՝ դեպքից 2 օր անց էլ կարտոֆիլի դաշտում՝ հողի մեջ ու հողի տակ դեռ թափված էին պայթած անօդաչուի դետալները, որոնց հետեւանքով վիրավորվել էր 14-ամյա պատանին: Վնասվել է նաեւ բերքի մեծ մասը: Հողագործներն ասում են՝ բազմաթիվ բեկորներ անգամ կարտոֆիլի մեջ կան.

Վիրավորված պատանու պապիկը, որ պայթյունի ժամանակ գնացել էր գյուղ՝ աշխատողներին դաշտ բերելու, լսել է պայթյունի ձայնն ու անմիջապես զանգել դաշտում գտնվող տղային. «Զանգեցի տղայիս, ասի՝ ինչ կա, ասեց պապ, խփեցին, ու էդ պահին բա՝ վայ, Նարեկը ընկած է վիրավոր, պայթյունի ալիքը երեխուն խփել քցել էր գնացքի գծերի վրա, ահագին վնասվածքներ

ուներ երեխեն, նաեւ բեկորային վնասվածք ուներ: Ես մինչեւ եկա, մերոնք պատահական մեքենայով հասցրել էին Վարդենիսի բժշկական կենտրոն, որտեղ թոռնիկիս ցուցաբերել էին առաջին օգնություն ու տեղափոխել Երեւան»,- պատմեց պապիկը, մատնացույց անելով դաշտում լցված բեկորները. «Սրանք ամբողջը բեսպիլոտնիկի կտորներն են, թոռնիկս հրաշքով է փրկվել,

մենք էլի շարունակում ենք աշխատել, մեզ համար անօդաչուները նորություն չեն, մենք շարունակելու ենք աշխատել ու ամուր պահել թիկունքը»: Պապիկը ասում է՝ եթե պայթյունը 15 րոպե ուշ լիներ, ոչ թե մի վիրավոր կլիներ, այլ տասնյակ զոհեր, որոնց մեծ մասը կանայք ու աղջիկներ, ովքեր հիմնական աշխատողներն են դաշտում. «Եթե ժամը 9-ին խփեր, ապա առնվազն 20

հոգի կտուժեր, եթե ոչ չմահանար, որովհետեւ, հիմա որ հանում ենք կարտոֆիլն ու ջարդում, մեջը բազմաթիվ բեկորներ կան, դե պատկերացրեք, որ էսքան բեկորը մարդկանց կպչեր, ինչ կլիներ հետեւանքը…գյուղացի մարդիկ ենք, մեր քրտինքով չարչարվել հող ենք մշակել, որ էսօր էդ ապուշները, որ իրենցից բան չեն ներկայացնում, գան մեզ ուզենան նեղացնեն, մեկ է՝ չի ստացվելու»:

Գյուղացիներն այսօր էլ շարունակում են հավաքել դաշտի կարտոֆիլը, աչքը պահած երկնքին, ցանկացած տարօրինակ ձայնի ժամանակ գլուխները վեր են բարձրացնում ու պատրաստվում պատսպարվել, հետո հասկանում են՝ սա էլ անցավ, սրան էլ ոչնչացրեցին մեր քաջ զինվորները. «Մի հատ թռչուն է անց նայում, մտածում ենք ՝ անօդաչուն է…

իրենք իրավունք չունեն մեզ խփելու, սա Հայաստանի տարածք է, ու իրենք այսօր շարունակում են խփել Հայաստանի տարածքին ու վնասներ տալ»: «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի մամուլի խոսնակ Գեւորգ Դերձյանը հայտնեց, որ 14-ամյա տղան դեռ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, առողջական վիճակում նկատվում է դրական դինամիկա, վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր:

Ձեզ դուր եկավ հոդվածը: Կիսվեք ընկերների հետ:
Մենք Մերոնցով