Տեսանյութ։ Ազատագրված տարածքներն Արցախ չեն կարող համարվել․․․ Քոչարյանի պաշտպանը սայթաքեց, թե՞ մտածված կարծիք հայտնեց։

Ռոբերտ Քոչարյանի պաշտպան՝ Հովհաննես Խուդոյանը, «Ազատություն» ռադիոկայանին տրված իր հարցազրույցում մի տարօրինակ միտք արտահայտեց, որին էլ դարձավ բազում քննարկումների առարկա։

Խուդոյանի դիրքորոշումը ազատագրված տարածքների վերաբերյալ հետևյալն է՝ «Ազատագրված տարածքները չեն կարող համարվել Արցախի Հանրապետության մաս՝ ապրիորի»։

Այդ հայտարարությանը արձագանքեցին տարբեր քաղաքական գործիչներ, այդ թվում և Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը։

Բաբայանն ընդգծեց, որ վերադարձ անցյալին չի լինելու, ազատագրված տարածքները, զինվորի արյան գնով ետ վերցրած տարածքներ են։ Մենք չենք օկուպացրել և չենք գրավել այդ տարածքները, դրանք ազատագրված տարածքներ են։

Անտարբեր չմնած ասվածին նաև ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, որը ֆեյսբուքյան իր էջում արել է հետևյալ գրառումը՝

«Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը ասում է, որ Արցախի սահմանադրության մեջ ներառված տարածքները Արցախ չեն…
Ազատագրված տարածքներն Արցախ չեն կարող համարվել:

Հ.Գ. մեկդ սրան ասեք, որ պարտադիր չէ պաշտպանյալիդ փրկելու համար Արցախի տարածքները տաս Ադրբեջանին, տենց բաները չեն ներվում և չեն մոռացվում Հայաստան աշխարհում:»

Տեսնելով իր ասվածի շուրջ ստեղծված իրարանցումը Խուդոյանը իր էջում բացատրական գրառում է արել՝

«Հարգելի ընկերներ և ոչ այնքան,
Ցավում եմ, որ նախօրեին տրված հարցազրույցում չեմ կարողացել ճշգրիտ ձևակերպել միտքս, ինչը անտեղի շահարկումների առարկա է դարձել: Փաստ է, որ քաղաքական փորձառություն ես չունեմ, հույս ունեմ չեմ ունենա, քանի որ դա դուրս է իմ մասնագիտական հետաքրքրությունների շրջանակից։ Հաշվի առնելով, որ առանձին հարցադրումների կապակցությամբ կարևորվում է անձամբ պարոն Քոչարյանի, ոչ թե իմ մասնագիտական կարծիքը, հաջորդ անգամ թեմային անդրադառնալուց առաջ ձևակերպուների վերաբերյալ անպայման կխորհրդակցեմ պարոն Քոչարյանի հետ և կկիսվեմ արդեն իր կարծիքով։
Հարցի շուրջ պատասխանս փոքր-ինչ ուշացավ, քանի որ մինչ այս փորձում էի լրատվամիջոցի հետ կոնստրուկտիվ քննարկման արդյունքում շտկել այն ապատեղեկատվությունը, որից էլ ծավալվել էր քննարկումը։ Նշեմ, որ իմ կողմից չի արտահայտվել նյութում աննուղակի հնչեցված այնպիսի ամփոփ միտք իբրև թե Երևան են տեղափոխվել կոնկրետ ազատագրված տարածքների զինծառայողներ։ Դա սխալ պնդում է, մնացյալը լրագրողական տեխնիկայի հարց։
Ինչ վերաբերում է հայրենասիրական բացականչություններով հանդես եկող առանձին անձանց, լավ կլինի, որ հայրենասիրությունն էլ ընտրողաբար չդրսևորեն և նույն եռանդով ձեռնամուխ լինեն իրավական պետության գաղափարի ամրապնդմանը։
Անվերապահորեն ընդունում եմ նաև այն սխալս, որ բազմաբովանդակ զրույցի ընթացքում հնչեցված, քաղաքական երանգ ունեցող նուրբ իրավական հարց պարունակող կոնտենտի մշակումը վստահել եմ Հանրայինին։

Հ.Գ. Շնորհակալ եմ բոլոր լրագրողներին, ում հետ մասնագիտական աշխատանքը կառուցում ենք փոխադարձ վստահության ու հարգանքի վրա։»

Թե ինչքանով Հայաստանի երկրորդ նախագահի պաշտպանը կարողացավ շտկել քաղաքական երանգով իր անհասկանալի արտահայտությունը դատեք ինքներտ։

Հարցազրույցի տեսանյութ՝

Понравилась статья? Поделиться с друзьями: