Վերջապես՝ քաղաքական կամք դրսևորե՛ք և որոշում կայացրե՛ք, որ հասկանանք, թե խաղի ինչ կանոններ են գործում․․․

«Ինձ համար այդպես էլ հանելուկ մնաց, թե Ամուլսարի հարցով ինչու՞ լսելի չեղավ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի համապատասխան ինստիտուտների, ինչպես նաև գիտական աշխարհի ձայնը:

Ո՞վ կամ ովքե՞ր արեցին ամեն ինչ, որ գիտական այդ օջախի ձայնը չլսվի՞:

Եթե այսպիսի կարևորագույն ռազմավարական հարցի կապակցությամբ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի կարծիքը հետաքրքիր չէ կամ այդ կարծիքը պետք չէ ու շրջանցվում է, ապա էլ ո՞ր հարցերում պետք է լսելի լինի նրանց ձայնը:

Ի դեպ, զարմանալի ժողովուրդ ենք: Իջևանում ապօրինի ծառ կտրողներին դատում ենք ու ճիշտ ենք անում, որ բնությանը վնաս չհասցվի, որ փրկվի անտառը, իսկ Ամուլսարի վերաբերյալ չունենք կոնկրետ ու հստակ մասնագիտական եզրակացություն:

Իմ պատկերացրած Հայաստանը կանաչ Հայաստանն է:

Եթե մենք ցանկանում ենք փոխել մեր պետության որակը, ստեղծել որակապես այլ մթնոլորտ ու միջավայր՝ բարեկեցիկ ապրելու և արժանապատվորեն գոյակցելու միմյանց հետ, ուրեմն ինչու՞ չենք գիտակցում, որ որևէ երկրի զարգացման համար բնությունն ունի անգնահատելի նշանակություն ու դերակատարություն…

Ինչու՞ չենք մտածում Հայաստանը կանաչ երկրի վերածելու մասին, ինչու՞ չենք վերականգնում մեր ոչնչացված բնությունը…

Խորապես համոզված եմ, որ մեր երկիրը պետք է համատարած կանաչապատել, վերածել ԱՅԳԻ-ՊԵՏՈՒԹՅԱՆ, ԱՆՏԱՌ-ՊԵՏՈՒԹՅԱՆ, որտեղ ապրելը կլինի հաճելի, հեշտ, ցանկալի, ինչու չէ նաև՝ շահավետ:

Ժամանակն է Հայաստանը վերածելու կանաչ երկրի…

Բայց դրան հասնելու համար քիչ է խոսելը:

Բարի եղեք պատժե՛լ հայրենի բնությունն ավերած ու ապականած որոշ նախկին ու ներկա գեներալների, մարզպետների, դատախազների, քաղաքապետերի, ինչպես մաֆիոզ որոշակի անձանց ու վերականգնեք հասցված վնասը:

Վերջապես՝ քաղաքական կամք դրսևորե՛ք և որոշում կայացրե՛ք, որ հասկանանք, թե խաղի ինչ կանոններ են գործում:

Իմ խորին համոզմամբ, Հայաստանում խաղի կանոնները բոլորի համար պետք է հավասար լինեն:

Երբ այդ կանոնը խախտվում է, մարդիկ սկսում են մտածել, որ ինչ-որ տեղ ինչ-որ բան սխալ է…»

Նորայր Նորիկյանի ֆեյսբուքյան էջից

Понравилась статья? Поделиться с друзьями: