Ռոբերտ Քոչարյանն ասում է. «Չեմ հասկանում ես՝ ինչ է նշանակում Արցախը Հայաստան է և վերջ…»: Բացատրեմ…Վասակ Դարբինյանի ուշագրավ գրառումը

Վասակ Դարբինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Ռոբերտ Քոչարյանն ասում է. «Ես չեմ հասկանում՝ ինչ է նշանակում Արցախը Հայաստան է և վերջ…»: (Սա, ի դեպ, նաև Իլհամ Ալիևն է ասում):
Բացատրեմ. դա նախ և առաջ նշանակում է, որ հարյուր տարի առաջ բռնակցմամբ Ադրբեջանի սահմանների մեջ ներառված,

երեսուն տարի առաջ անկախություն հռչակած և այսօր Ադրբեջանի համար կռվախնձոր դարձած Արցախը ոչ մի ընդհանրություն չունի Ադրբեջանի հետ. ո՛չ ծագումնաբանական, ո՛չ պատմական, ո՛չ լեզվական, ո՛չ դավանանքի, ո՛չ մշակութային…, առհասարակ ընդհանրություն չունի:
Դա նշանակում է, որ Արցախը,

դուր գա դա Ռոբերտ Քոչարյանին, Իլհամ Ալիևին կամ որևէ երրորդ անձի, թե ոչ՝ Հայաստան աշխարհից ոչնչով չի տարբերվում: Նշանակում է, որ Արցախը և Հայաստանն ունեն բոլոր ընդհանրությունները. Արցախում և Հայաստանում ապրում են քրիստոնյա հայեր, որոնք դարերի ընթացքում ապրել են նույն սովորույթներով, խոսել են նույն լեզվով, ստեղծել են միասնական մշակույթ,

պաշտպանել են նույն արժեքները, կռվել են նույն թշնամիների դեմ… Դա նշանակում է, որ Արցախի ապագան ևս նույնն է լինելու, ինչ Հայաստանինը…
Ահա այս ամենի պատճառով է, որ Արցախը Հայաստան է և վերջ: Եթե այսքանից հետո էլ չես հասկանում, թե ինչ է նշանակում Արցախը Հայաստան է և վերջ, ապա ըստ երևույթին դու նույնպես Արցախը դիտում ես որպես կռվախնձոր, դու նույնպես ոչ մի ընդհանրություն չունես Արցախի ու Հայաստանի հետ:

Ձեզ դուր եկավ հոդվածը: Կիսվեք ընկերների հետ:
Մենք Մերոնցով